Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Հայտարարում եմ՝ այսօր կատարվում է «քիրվայության» քառակուսին»

«Հայտարարում եմ՝ այսօր կատարվում է «քիրվայության» քառակուսին»
09.09.2008 | 00:00

«ՖՈՒՏԲՈԼ «ՆԱՅԵԼՈՎ»՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ՏՈՆՈՒՄ»
Ինչպես «Իրավունքը de facto»-ն արդեն տեղեկացրել է իր ընթերցողներին, օրերս Segodnia.ru ինտերնետային կայքը զետեղել էր հրապարակում, թե ԱՄՆ-ը, այնուհանդերձ, հարվածելու է Իրանին մինչև Նահանգներում նախագահական ընտրությունների ավարտը»։ Նման գործընթացների պարագայում ի՞նչ կկատարվի ընդհանրապես մեր տարածաշրջանում և մասնավորապես՝ Հայաստանում։ «Արդեն իսկ հայտնվել ենք այնպիսի սահմանագծում, որ թվում է՝ էլ ի՞նչը կարող է ավելի վատ լինել»,- եզրակացնում է ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, որը «Դեմքեր» խորագրի այսօրվա հյուրն է։
«ԻՐԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԿԼԻՆԻ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

-Արդյոք անտեղի՞ են մտավախությունները, նաև Իրանի բարձրաստիճան զինվորականների այն նախազգուշացումները, թե «Իրանի վրա հարձակումը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմին»։ Թերևս, այնքան էլ դժվար չէ կռահել, թե նման սցենարի իրականացումն ինչ ծիր կմտցնի Երկիր մոլորակի հետագա ընթացքն ու, մասնավորապես, մեր ճակատագիրը։
-Իրանին առնչվող ցանկացած ֆորս-մաժոր, ցանկացած, Աստված մի արասցե, պատերազմ, իրոք, խիստ ճակատագրական կլինի մեր երկրի համար։
Տրամաբանությունը, թե ԱՄՆ-ի հնարավոր հարվածն այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ ամերիկացիները ցանկանում են միայն խորքային ռումբեր օգտագործել, միամտություն է, որովհետև նման զարգացումները կործանարար կլինեն։ Նկատի ունենանք, որ Հայաստանն աշխարհագրական շատ վատ դիրք ունի, հետևապես, ամենևին էլ բացառված չէ, որ խորքային ռումբերի օգտագործումից հետո այստեղ սկսվեն տեկտոնիկ ցնցումներ, ինչն էլ կարող է հանգեցնել հուժկու երկրաշարժերի։ Ամենևին էլ չի բացառվում, որ նման ուժգնության ցնցումներից հետո ջրազրկվի Հայաստանի ընդերքը, կորցնենք աղբյուրներ, ջրամբարներ։ Նկատի ունեցեք, թեկուզև հարվածը լինի Ատրպատականում։ Իսկ եթե խնդրին մոտենանք տարածաշրջանային քաղաքական զարգացումների տեսանկյունից, ապա պետք է արձանագրենք, որ մեր երկրում տիրող ճգնաժամն է՛լ ավելի կխորանա։
-Կրկին անդրադառնանք Segodnia.ru-ի հրապարակմանը և փորձենք կանխատեսել, թե որքանով է այն արժանահավատ։ Նկատի ունենանք, որ ռուս-վրացական պատերազմից ընդամենն օրեր առաջ ինտերնետային նույն կայքում ամենայն ճշգրտությամբ գուշակել էին սպասվելիք ողբերգությունը։
-Այսօր, երբ նախագահ Բուշը, ըստ ամերիկյան տվյալների, բնակչության 30%-ի քվեն ունի, երբ Աֆղանստանում և Իրաքում սկսված ռազմական միջամտությունը հանգուցալուծում չի ստացել, մի փոքր անհավանական է, թե ԱՄՆ-ը կբացի 3-րդ ճակատը։
Ամենևին չի բացառվում, որ նման լուրերը բոլորովին այլ թիրախ են որոնում։ Այն է՝ առջևում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հավաքն է, և նպատակակետն անվտանգության գոտի ստեղծելն է։ Պարզ է, որ այդպիսի լուրերը կարագացնեն խնդրի լուծումը։
Ինչևէ, նման զարգացումները, միանշանակ, կործանարար են մեզ համար։ Մենք արևելքում սահման չունենք, արևմուտքում սահման չունենք, իսկ հյուսիսում տեղի ունեցած փոքրիկ միջադեպը լուրջ փաստի առաջ կանգնեցրեց մեր երկրին։ Ռուս-վրացական երկօրյա պատերազմն ուղղակի հարվածեց մեզ ու բացահայտեց, թե որքան խոցելի ու անպաշտպան ենք։ Հարցնում եմ՝ իսկ եթե ռազմական գործողությունները տևեին 1 ամի՞ս, 1 տարի՞... Կարծում եմ, դժվար չէ հետևություն անելը։ Ներկայիս աշխարհում ցանկացած ռազմական գործողություն, ինչպես ասում են, հանգեցնում է դոմինոյի էֆեկտին։
«ԳՅՈՒԼԸ ԿՓՈՐՁԻ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԱՅԺՄ ԳՆԴԱԿԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ԿԻՍԱԴԱՇՏՈՒՄ»
-Անդրադառնանք Ձեր այն արտահայտությանը, թե «արևմուտքում սահման չունենք»։ Չե՞ք կարծում, որ այդ հատվածում սահման բացելու առաջին քայլերն են արվում, եթե հավատանք այն պնդումներին, թե սպորտը խաղաղության դեսպան է։
-Փաստն այն է, որ հայ-թուրքական ներկայիս, եթե կարելի է այդպես անվանել, «շփումներն» առաջինը նախաձեռնեց Եվրամիությունը։ Երբ քննարկվում էր Թուրքիայի անդամակցության հարցը ԵՄ-ին, վեր հանվեց Հայաստանի հետ սահմանի բացման խնդիրը։ Հարցի առնչությամբ մտահոգություն էր հայտնել նաև Ջորջ Բուշը։ Ավելին, Գյուլի համաձայնությունից առաջ (Երևանում դիտել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի հավաքականների հանդիպումը) Թուրքիա մեկնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը...
-Ասել է՝ հայ-թուրքական երկխոսությունը նախաձեռնել և ուղղորդում են աշխարհի հզորնե՞րը։
-Ակնհայտ փաստ է, ինչը ոչ ոք չի էլ ժխտում։ Իսկ հրավերը Գյուլին, նրա Հայաստան ժամանելը նշածս իրողությունից բխող ածանցյալներ են։
-Ձեր կարծիքով` ֆուտբոլային հայտնի հանդիպումն ինչ-որ կերպ նպաստելո՞ւ է սահմանային թնջուկի լուծմանը։
-Իհարկե՝ ո՛չ։ Միանշանակ՝ ո՛չ։ Ֆուտբոլը տվյալ պարագայում որևէ դերակատարություն չունի և չի՛ էլ կարող ունենալ։ Վերջին տասնամյակում Թուրքիան անվերջ խոսում է Հարավային Կովկասում իր դերի մեծացման մասին, նաև իր ազդեցությունը Հայաստանի վրա տարածելու մասին։ Թբիլիսիի և Բաքվի հարցը Թուրքիայի համար լուծված է։ Այժմ դրված է Երևանի խնդիրը։
-Թուրքիան ունի իր հստակ քաղաքականությունը, սա պարզ է։ Բայց պաշտոնական Անկարան նաև գիտակցում է, որ առանց Հայաստանի տարածաշրջանը չի՛ կարող ինտեգրվել ԵՄ-ին, ընդհանրապես Արևմուտքին։ Ռուս-վրացական կարճատև պատերազմը նաև ի ցույց դրեց, թե Հարավային Կովկասում բռնկված փոքրիկ մի կայծի պատճառով ինչպես կաթվածահարվեցին Բաքու-Էրզրում գազամուղը, Բաքու-Սուփսա նավթամուղը, դադարեց գործել Փոթիի նավահանգիստը, խափանվեցին երկաթուղային փոխադրումները։ Հասկանալի է, որ եթե բաց լիներ հայ-թուրքական սահմանը, տարածաշրջանը ցնցումների չէր ենթարկվի։
-Երբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խոսեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ոմանք, այդ թվում և, իշխանամետ մամուլը, նրա հիմնավորումները որակեցին որպես «քիրվայություն»։ Այժմ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր կատարվում է «քիրվայության» քառակուսին. ինչ ասում է Տեր-Պետրոսյանը, հաջորդ իսկ օրը փորձում է իրականացնել Սերժ Սարգսյանը։
-Մի պահ մոռանանք «քիրվայությունը» կամ «դրա քառակուսին» և ճշտենք՝ Թուրքիայի հետ պե՞տք է բացել սահմանը, թե՞ ոչ։
-Միանշանակ՝ պետք է։ Սակայն չեմ կարծում, թե Գյուլի Երևան ժամանելուց անմիջապես հետո այն բացվելու է։ Դա բացառվում է։ Հայաստան կատարած իր այցով Գյուլը Եվրոպային ու ԱՄՆ-ին կփորձի ցուցադրել, թե թուրքերը դրսևորեցին բարի կամք, և այժմ գնդակը գտնվում է հայերի կիսադաշտում, թե պատասխան քայլը նրանք պետք է կատարեն։
-Եվ, ըստ Ձեզ, ո՞րը պետք է լինի այդ «պատասխան քայլը»։
-Ղարաբաղը։
-Այսինքն, ի՞նչ պետք է անենք։
-Դուրս գանք ազատագրված տարածքներից։ Այդ դեպքում արդեն կխոսեն ճանապարհների մասին, երկաթուղու մասին։
-Խնդիրը, սակայն, այսպես է դրված. հարաբերությունների բարելավում առանց նախապայմանների։
-Ո՞Ւմ կողմից։
-Ո՛չ մեր, ո՛չ էլ թուրքերի։ Թերևս միանշանակ է, որ այդ դեպքում միայն տարածաշրջանը կինտեգրացվի Արևմուտքին։
-Ո՞վ է բարձրաձայնել այդ մասին... միայն Հայաստանը։ Թուրքիան այդ առնչությամբ ոչ մի ծպտուն չի հանել։
Շուրջ 1000 տարի կրկնվում է այս պատմությունը։ ՈՒ, կարծում եմ, անցած հազարամյակի փորձից դասեր քաղած և համոզված պետք է լինեինք՝ թուրքական (նաև` պարսկական) դիվանագիտության առջև մենք զրո էլ չենք ու միշտ տանուլ ենք տվել։ Դարեր շարունակ մեր հարցը բարձրացվել է տարբեր ատյաններում՝ 16 հոդվածի տեսքով, հետո 16-ը դարձել է 61, ու միշտ կորուստներ ենք ունեցել։
Ֆուտբոլ «նայելով»՝ թուրքական դիվանագիտությունը հերթական հաղթանակն է տոնում. նրանք ի լուր աշխարհի հայտարարում են, թե մենք պատրաստ ենք երկխոսության, իսկ հայերն ընդամենն ագրեսորներ են։ Չկասկածեք, Գյուլի այցից հետո մենք քաղաքական նոր ճգնաժամ ենք ապրելու։ Ասել է՝ Գյուլի այցն օգուտ էր միայն թուրքերին։
«ԵԹԵ ՉՀԱՇՎԵՆՔ «ՄՈՍԿԱՆԵՐԻՆ», 3-ՐԴ ՈՒԺԻ ԱՌԱՆՑՔԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄԻԱՅՆ ՀՅԴ-Ն»
-Քանի որ, ինչպես Դուք եք պնդում, «Գյուլի այցն օգուտ էր միայն թուրքերին», ուրեմն չպե՞տք է ընդունեինք նրան։
-Սկսեմ նրանից, որ զավեշտ է, երբ կառավարող կոալիցիայի անդամ կուսակցության՝ ՀՀԿ-ի ղեկավարը հրավիրում է Թուրքիայի նախագահին, իսկ կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, նրան պլակատներով է դիմավորում։ Իսկական սարկազմ է։ Ընդհանրապես պետք չէր Գյուլին հրավիրել ֆուտբոլի։ Եթե ինքը կցանկանար դիտել խաղը, բարով գար։ Բայց հրավիրել, հետո էլ հայտարարել, թե սա հայ-թուրքական հարաբերությունների նոր էտապ է, ծիծաղելի է։ Այս ողջ անցուդարձը հիշեցնում է սահմանադրության ընդունումը Թուրքիայում։ Երբ ընդունվեց այն, հայերը ոգևորված եզրակացնում էին, թե վերջ սուլթանին, մենք արդեն եղբայրներ ենք։ Հետո տեսանք, թե ինչ արեց իթթիհաթն ընդամենը 4-5 տարի հետո։ Իհարկե, հիմա նույն վիճակը չէ, բայց նման մի բան է տեղի ունենում։
Թուրքիայի նախագահին ի՞նչ ակնկալիքով էինք հրավիրում... զրոյական։ Իսկ ի՞նչ է շահելու Գյուլը, այն, որ ասելու է՝ մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ կերտել մեր հարևանի հետ, բայց մեր հարևանն ընդամենն ագրեսոր է։
-Անդրադառնանք ՀՅԴ-ի գործողություններին և փորձենք գնահատել վերջին օրերի անցուդարձը. քաղաքապետարանը մերժում է դաշնակցության միտինգի հայտը, դատարանը՝ թույլատրում։ Երկրի նախագահը հրավիրում է Աբդուլլահ Գյուլին, իսկ ՀՅԴ-ն, որն իշխանության կազմում է, ըմբոստանում է և հակառակ քայլեր ձեռնարկում։
-Իմ կարծիքով` երկակի խաղ է սկսվել։
-Ըստ Ձեզ` ովքե՞ր են խաղացողները։
-Ռոբերտ Քոչարյանը և նրա ազդեցության դաշտում գտնվող կուսակցությունները, այդ թվում և` ՀՅԴ-ն։
-ՈՒզում եք ասել՝ դաշնակցությունը համագործակցո՞ւմ է Քոչարյանի հետ։
-Իմ կարծիքով՝ միանշանակ։
-Հետևապես, ճի՞շտ են պնդումները, թե Ռոբերտ Քոչարյանը փորձում է «երրորդ ուժ» ստեղծել` հիմքում ունենալով ՀՅԴ-ին։
-Եթե չհաշվենք գաճաճ, Քոչարյանի բնութագրմամբ, «մոսկա» կուսակցությունները, ապա հստակ է, որ «երրորդ ուժի» առանցքը կարող է դառնալ միայն ՀՅԴ-ն։ Իսկ տարբեր տեսակի խամաճիկները կամ նույն Ռոբերտի բնութագրմամբ՝ «իքի-բիր»-ները, ընդամենը ֆոն ստեղծողներ են։
-Համոզված եղեք՝ մեր այս զրույցի հրապարակումից հետո դառնալու եք Ձեր նշած «մոսկաների» ու «իքի-բիր»-ների նշանառության թիրախը։
-Դրանք ոչ թե իմ, այլ Ռոբերտ Քոչարյանի բնութագրումներն են։
Զրույցը՝ Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 4705

Մեկնաբանություններ